«ՀԱՄԱՍ»-ը հերքել է տեղեկությունները, թե պատրաստ է դադարեցնել կրակը
Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե պատրաստ է կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերել Իսրայելի հետ:
«Որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, չկա նաև կրակի դադարեցման հավանական ժամանակահատված, քննարկումները շարունակվում են»,- փոխանցում է աղբյուրը:
Եգիպտոսն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին առաջարկել է մայիսի 20-ից՝ Երևանի ժամանակով ժամը 07:00-ից, հրադադար հաստատել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում ունեցած իր աղբյուրին:
Եգիպտոսի իշխանություններն այժմ, ըստ աղբյուրի, սպասում են պաղեստինյան կողմի և Իսրայելի կառավարության արձագանքներին՝ հույս հայտնելով, որ ռազմական գործողություններն ու փոխադարձ հրթիռակոծություններն ու ավիահարվածները կդադարեցվեն հիշատակված ժամկետում:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:


