չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Գերմանիան, Ռումինիան և Խորվաթիան զորքեր չեն տեղակայի Ուկրաինայում․ Ռումինիայի նախագահ

Գերմանիան, Ռումինիան և Խորվաթիան զորքեր չեն տեղակայի Ուկրաինայում․ Ռումինիայի նախագահ

Ռումինիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա: Դա հաստատել է նախագահ Նիկուշոր Դանը Փարիզում Ռումինիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «Կամեցողների կոալիցիայի» անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ռումինիան պարտավորվել է…. տրամադրել ոչ թե զորքեր Ուկրաինայում, այլ լոգիստիկ աջակցություն, ուկրաինացի զինվորականների պատրաստում Ռումինիայում կամ այլ եվրոպական երկրներում՝ համապատասխան երկրների բանակների հետ համագործակցությամբ, մասնակցություն սպառազինության համատեղ ծրագրերին», – ասել է Ռումինիայի նախագահը:Նա նաև հայտարարել է, որ Կամպիա Տուրզիի 71-րդ ավիաբազայում Ուկրաինային աջակցության լոգիստիկ կենտրոնն «արդեն գործում է»։

Միևնույն ժամանակ, Զագրեբը նույնպես մտադիր չէ  խորվաթական զորախումբ ուղարկել Ուկրաինայի տարածք նույնիսկ հրադադարի համաձայնագրի ձեռքբերումից հետո: Այդ մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն՝ ամփոփելով Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» նիստի արդյունքները:

Իր հերթին, ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, իր երկիրը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինայի աջակցության բազմազգ ուժերին մասնակցելու համար, սակայն դրանք տեղակայել Ուկրաինայի տարածքում հակամարտության ավարտից հետո չի պլանավորում։

«Գերմանիան պատրաստ է օգնել քաղաքական, ֆինանսական,  ռազմական մակարդակներում։ Դա կարող է ներառել, օրինակ, Ուկրաինային հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում զորքերի տեղակայում հրադադարից հետո», – մեջբերել է նրա խոսքը ֆրանսիական Figaro թերթը։

Ավելի վաղ «Կամեցողների կոալիցիայի» նիստից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել են հռչակագիր հակամարտության ավարտից հետո Ուկրաինայում զորախումբ տեղակայելու մտադրության մասին:

  • Կիսվել: