երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Գազայում հայտնել են իսրայելական ավիահարվածներից առնվազն 35 զոհի մասին

Գազայում հայտնել են իսրայելական ավիահարվածներից առնվազն 35 զոհի մասին

Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական և արտակարգ ծառայություններին։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ օդուժը Ռաֆահում հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման օբյեկտներից մեկին՝ «հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա»։ Ըստ ԻՊԲ-ի՝ հարվածի հետևանքով զոհվել է Հորդանան գետի արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ի աշխատակազմի ղեկավարը և մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, որը պատասխանատու էր Իսրայելի վրա իրականացված հարձակումների համար։

«ԻՊԲ-ն տեղյակ է այն հաղորդումներից, որ հարվածի և դրան հաջորդող հրդեհի հետևանքով շրջակայքում գտնվող մի քանի քաղաքացիական անձինք են վնասվել։ Միջադեպը ուսումնասիրվում է», - նշված է հայտարարությունում։

Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Հարվածն իրականցվել է Ռաֆահի արևմուտքում գտնվող Թել ալ Սուլթանի թաղամասում, որտեղ հազարավոր մարդիկ ապաստանել են քաղաքի արևելքում ԻՊԲ-ի սկսած գործողություններից հետո։

Չնայած Ռաֆահին հարվածներ չհասցնելու բազմաթիվ միջազգային կոչերին, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները։ Մայիսի 26-ին ԻՊԲ-ն հայտնել էր, որ 8 արկ է արձակվել Ռաֆահի տարածքից. դրանց մի մասը խոցվել է, տուժածներ չկան։

ՀԱՄԱՍ-ից հայտնել են, որ հրթիռներ են արձակվել՝ ի պատասխան Իսրայելի կողմից «քաղաքացիական անձանց կոտորածների»։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, գրեթե 36 000 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

  • Կիսվել: