կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել

Գազայի հատվածում փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում ավերված շենքերի փլատակների տակ հայտնաբերել են ևս 112 մարդու աճյուններ: Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ հղում անելով Գազայի քաղաքացիական պաշտպանության վարչությանը։

Ըստ գերատեսչության՝ աճյունները հայտնաբերվել են Գազա քաղաքի հարավում գտնվող Սաբրա շրջանում՝ 136 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո, որոնք հիմնականում իրականացվել են ձեռքով։ Հայտնաբերված զոհերի թվում են 40 երեխա, 38 կին և հաշմանդամություն ունեցող յոթ մարդ։

Նշվում է, որ գործողությունը տևել է գրեթե երկու շաբաթ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։ Գազայում կազմակերպության ներկայացուցիչ Ամանի ալ-Նաուկը հայտարարել է, որ անկլավում հազարավոր ընտանիքներ ավելի քան երկուսուկես տարի ապրում են իրենց հարազատների աճյունները գտնելու, նրանց հրաժեշտ տալու և արժանապատվորեն հուղարկավորելու հնարավորության սպասումով։

«Անհետ կորածների որոնումն ու աճյունների դուրսբերումը չափազանց կարևոր մարդասիրական հարց է»,-նշել է նա։

Տեղում որոնողական գործողության ղեկավար, քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մուհամմեդ Աբու Դանը հայտնել է, որ այս շրջանում, նախնական գնահատականներով, փլատակների տակ դեռևս մնում է ևս 157 մարմին։ Ըստ նրա, փրկարարները շարունակում են ձեռքով ապամոնտաժել բետոնի բեկորներն ու մետաղական կոնստրուկցիաները։

Հաղորդվում է նաև, որ, ըստ Գազայի իշխանությունների, հազարավոր մարդիկ դեռևս համարվում են անհետ կորած և, ենթադրաբար, գտնվում են իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված շենքերի փլատակների տակ։

Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել էր պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 73,3 հազար զոհի մասին։ ՄԱԿ-ը այս տվյալները համարում է արժանահավատ։

Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի հարավի վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 1 221 մարդ, իսկ 251 մարդ գերեվարվել և տեղափոխվել է Գազայի հատված։ Այս հարվածը դարձել է Իսրայելի դեմ ամենամահաբեր հարձակումը 1948 թվականին պետության ստեղծումից ի վեր։

  • Կիսվել: