երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Ֆրանսիայում գրանցվել է պատմության մեջ ամենաշոգ գիշերը

Ֆրանսիայում գրանցվել է պատմության մեջ ամենաշոգ գիշերը

Ֆրանսիացի օդերևութաբաններն անցած գիշեր երկրի տարածքում օդի աննախադեպ բարձր ջերմաստիճան են գրանցել, որը գերազանցել է 2019 թվականի բացարձակ ռեկորդը։ Այս մասին հայտնել է «TF1» հեռուստաալիքը՝ հղում անելով «Meteo France» ազգային օդերևութաբանական ծառայությանը։

Այսպիսով՝ հանրապետության տարածքում օդի միջին ջերմաստիճանը հասել է 21,6 աստիճան Ցելսիուսի։ Նախորդ ռեկորդը գրանցվել է 2019 թվականին և կազմել է 21,4 աստիճան։

Անոմալ տապը Ֆրանսիայում շարունակվում է հունիսի 17-ից, իսկ հունիսի 21-ից սկսած՝ մի շարք դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ։ Հունիսի 23-ի դրությամբ «կարմիր» գոտում է հայտնվել երկրի եվրոպական մասի դեպարտամենտների ավելի քան կեսը (96-ից 54-ը)։ Մի շարք տարածաշրջաններում սպասվում է 40 աստիճանից բարձր շոգ։ Ստեղծված իրավիճակի պատճառով ավելի քան 5 հազար ուսումնական հաստատություն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը կամ փոխել դասացուցակը, սահմանափակվել է նաև երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը։ Չափազանց շոգ եղանակի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել, ևս 20-ը՝ խեղդվել են ջրամբարներում, ինչը նույնպես կապում են անոմալ տապի հետ։

  • Կիսվել: