Ֆրանսիան և Լեհաստանը բարեկամության և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել
Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը բարեկամության և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել: Նախատեսվում է ամրապնդել հարաբերությունները, մասնավորապես, պաշտպանության, էներգետիկայի, տնտեսության, արդյունաբերության, գիտության և մշակույթի ոլորտներում։
«Մենք ցանկանում ենք ստեղծել իսկապես ներառական պաշտպանական գործընկերություն, սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- նշել է Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով՝ պայմանագրում փոխադարձ ռազմական օգնության մասին կետի ներառումը պետք է «շատ հստակ ազդանշան» լինի։ Դոնալդ Տուսկն էլ համոզմունք է հայտնել, որ երկկողմ համաձայնագիրը կնպաստի ամբողջ Եվրոպայի անվտանգությանը և կայունությանը: Լեհաստանի վարչապետը հավելել է՝ Վարշավան և Փարիզը կշարունակեն համակարգումը նաև Ուկրաինայի հարցով:
Այնուհետև Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները մեկնել են Կիև: Ուկրաինայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ բարձրաստիճան հանդիպումների արդյունքում լուրջ որոշումներ կկայացվեն՝ ավելի իրական դարձնելով խաղաղության հեռանկարը: