Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում
Երեքշաբթի հազարավոր ֆրանսիացի ոստիկաններ դուրս էին եկել Փարիզի փողոցներ՝ իրենց աշխատանքային պայմանների դեմ բողոքելու։ Ակցիան, որը գլխավորում էր «Ազգային ոստիկանության դաշինք» արհմիությունը, սկսվել է Շանզ Էլիզեում և գագաթնակետին հասել Ազգային ժողովում։
Երթից հետո արհմիության ներկայացուցիչներն ուղղվել են ՆԳՆ՝ ներկայացնելու իրենց պահանջներն ու մտահոգությունները. ավելի ուշ նրանք լրագրողներին հայտնել են, որ հանդիպումը դրական է եղել, իշխանությունները հաշվի են առնում իրենց բողոքները։
Ոստիկանների շրջանում աճող դժգոհությունը պայմանավորված է մի շարք խնդիրներով, այդ թվում՝ ոստիկանական հատուկ ծառայության հավելավճարի՝ այսպես կոչված «ռիսկի հավելավճարի» շուրջ առկա դժգոհությամբ, որի չափը չի փոխվել 2019 թվականից ի վեր։
«Ազգային ոստիկանության դաշինք» արհմիությունը պահանջում է նաև ավելացնել վարչական, տեխնիկական և գիտական անձնակազմի ռեսուրսները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել կարիերայի առաջխաղացման և անձնակազմի համալրման ուղղությամբ։ Արհմիության գնահատմամբ՝ իրենց պահանջները բավարարելու համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ 300-500 միլիոն եվրո։



