ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եվրահանձնաժողովը չպետք է Հարավային Կովկասը բաժանի սիրելի և չսիրած պետությունների. Ալիև

Եվրահանձնաժողովը չպետք է Հարավային Կովկասը բաժանի սիրելի և չսիրած պետությունների. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի ADA համալսարանում ընթացող "դեպի նոր աշխարհակարգ" այսպես կոչված միջազգային համաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին, ասել է. «Այսօր Եվրահանձնաժողովը պետք է հանի վարդագույն ակնոցները, իրատեսորեն նայի աշխարհին, գնահատի այնպիսի պետություններին, ինչպիսին Ադրբեջանն է։ Նրանք չպետք է Հարավային Կովկասը բաժանեն իրենց սիրելի և չսիրած պետությունների»։

Խոսելով ԱՄՆ մասին՝ Ալիևն ասել է. «Երբ Ադրբեջանը պետք էր Միացյալ Նահանգներին, «Ազատության աջակցության ակտի» այսպես կոչված 907-րդ ուղղումը կասեցվում էր։ Բայց հենց որ Բայդեն-Բլինքենի վարչակազմը փախավ Աֆղանստանից, նրանք նորից մտցրեցին այդ ուղղումը մեր դեմ»։

Այսպիսով, նշել է նա, «այդքան անշնորհակալ լինելը շատ վնասակար է հենց վարչակազմի համար, քանի որ դրանից հետո ով կվստահի նրանց»։

«Այսպիսով, մեր վստահությունը Բայդեն-Բլինքեն թիմի նկատմամբ ոչնչացավ, և մեր հարաբերությունները հայտնվեցին շատ լուրջ ճգնաժամի մեջ: Բայդենի վարչակազմն իր դիրքորոշումը միանշանակ կապել էր Հայաստանի հետ։ Մենք դա առաջին անգամ տեսանք հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր»,- խոստովանել է Ալիևը։

Ըստ նրա՝ Հայաստանը հույս ուներ, որ ԱՄՆ ընտրություններից հետո դեմոկրատները կմնան իշխանության ղեկին։ «Այդ պատճառով Թրամփի՝ նախագահ ընտրվելը մեծ հիասթափություն էր նրանց համար», - հավելել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները Բայդեն-Բլինքենի վարչակազմի օրոք կարելի է բնութագրել որպես հարաբերություններ ճգնաժամի մեջ։ «Եվ դրա պատճառը մենք չէինք», - նկատել է Ալիևը։

Նա նշել է, որ իրենք միշտ ցանկացել ենք լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, որն աշխարհի ամենաուժեղ երկիրն է:

«Թրամփի վարչակազմի ներկայիս քաղաքականությունն ավելի շատ հիմնված կլինի Ամերիկայի ազգային շահերի վրա, և ես կարող եմ նշել, որ նրանց հետ շատ ամուր հարաբերություններն այս պահին կարևոր են այս տարածաշրջանի համար», - ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի առաջատար երկիրն է եւ գլոբալ Հարավի մի մասը. «Մենք ուժեղ դիրքեր ունենք Չմիավորման շարժման մեջ եւ լավ հարաբերություններ ունենք Կենտրոնական Ասիայի երկրների հետ, մենք տնտեսապես ուժեղ երկիր ենք, որն ունի էներգետիկ ռեսուրսներ և բանակ, որն ապացուցել է իր ուժը մարտի դաշտում, ուստի մենք կարող ենք շատ կարևոր գործընկեր լինել Միացյալ Նահանգների համար»։

Խոսելով թուրք-իսրայելական հարաներությունների շուրջ՝ Ալիևը նշել է. «Մեզ համար Թուրքիայի և Իսրայելի միջև այս լարվածությունը շատ մտահոգիչ է և անհանգսացնող։ Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցմանը որոշակիորեն նպաստել է Ադրբեջանը։ Մենք ակտիվ դեր ենք խաղացել, որպեսզի փորձենք մերձեցնել երկրները»:

Ընդգծելով, որ Ադրբեջանը երկու երկրների մտերիմ բարեկամն է, նա հավելել է. «Թուրքիայի հետ մենք դաշնակիցներ ենք։ 2021 թվականին մենք ստորագրել ենք Շուշիի հռչակագիրը և պաշտոնապես դաշնակից ենք»։

Նշելով, որ Իսրայելը ևս բարեկամ երկիր է Ադրբեջանի համար՝ Ալիևն ասել է.
«Այս փոխադարձ բարեկամությունը տարիներ շարունակ դրսևորվել է տարբեր բարդ իրավիճակներում։ Ուստի այս երկու երկրների միջև ցանկացած թյուրիմացություն մեզ մոտ անհանգստություն է առաջացնում»։

  • Կիսվել: