Ես ուզում եմ, որ նավթը հասանելի լինի ամբողջ աշխարհին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր որոշումը՝ ժամանակավորապես չեղարկել Ռուսաստանի նավթի նկատմամբ կիրառված որոշ պատժամիջոցներ՝ նավթի համաշխարհային գների աճի ֆոնին։
NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ, որ նավթը հասանելի լինի ամբողջ աշխարհին։ Ես ուզում եմ, որ նավթը հասանելի լինի»:
Թրամփը հավելել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից՝ 2022 թվականից, «կվերականգնվեն, երբ ավարտվի ճգնաժամը»։
Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են որոշ արտասահմանյան առաջնորդների քննադատության մասին՝ կապված պատժամիջոցների չեղարկման հետ, Թրամփն ուղիղ պատասխան չի տվել, սակայն իր դժգոհությունն ուղղել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Ես զարմացած եմ, որ Զելենսկին չի ուզում գործարք կնքել։ Ասեք Զելենսկիին, որ գործարք կնքի, որովհետև Պուտինը պատրաստ է գործարք կնքել։ Զելենսկիի հետ պայմանավորվելը շատ ավելի դժվար է»,-ասել է Թրամփը:


