Երկու զոհ, 18 վիրավոր, Ուկրաինան հարձակվել է ԼԺՀ-ի վրա
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին իր տելեգրամյան էջում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ճշտված տվյալներով՝ երեկ Լուգանսկին հասցված անմարդկային հարվածի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հասել է 7-ի, նրանցից 5-ը քոլեջների և համալսարանի ուսանողներ են»։
Պասեչնիկի խոսքով՝ Լիսիչանսկում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի հարակից տարածքին, որտեղ երիտասարդներ են գտնվել։ Վիրավորվել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, 13-ամյա մի աղջիկ և 16-ամյա երկու աղջիկ։
«Նովոայդար-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում ուկրաինական զինված կազմավորումները հարձակվել են մարդատար ավտոմեքենայի վրա, վիրավորվել են տղամարդ և կին։ Սմոլյանինովո-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում հակառակորդը հարվածել է բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետևանքով վիրավորվել է վարորդը»,-հավելել է նա:
ԼԺՀ ղեկավարը նաև հայտնել է, որ Կրասնոդոնի մունիցիպալ շրջանի ավտոճանապարհին հարվածի տակ է հայտնվել բեռնատար ավտոմեքենա, տուժել է վարորդը։ Կրեմեննայայում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են բնակելի շենքի հարակից տարածքի վրա, ինչի հետևանքով ամուսիններ են վիրավորվել։ Պասեչնիկն ընդգծել է, որ բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։



