երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իրականացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում՝ նախատեսելով Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում, մշտական անդամության ինստիտուտից հրաժարում և Գլխավոր ասամբլեայի լիազորությունների ընդլայնում։

Թուրքիայի առաջնորդը Bloomberg գործակալության համար հրապարակած հոդվածում ընդգծել է, որ վետոյի իրավունքի վերացումը պետք է լինի ՄԱԿ-ի բարեփոխման առանցքային բաղադրիչներից մեկը։

Էրդողանի խոսքով՝ Անվտանգության խորհրդի արտոնյալ անդամների թվի պարզապես ավելացումը չի լուծի լիազորությունների սահմանափակ թվով պետությունների ձեռքում կենտրոնացման խնդիրը։ «Բարեփոխումը չի կարող նշանակել նույն արտոնությունը այլ պետություններին տրամադրել»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահն առաջարկել է Գլխավոր ասամբլեայում ձևավորել լայն կոալիցիա այն սկզբունքի շուրջ, որ որևէ պետություն չպետք է հնարավորություն ունենա մշտապես արգելափակելու մեծամասնության կամքը։

Էրդողանը նաև առաջարկել է փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևավորման սկզբունքը։ Նրա համոզմամբ՝ խորհրդում չպետք է լինեն մշտական անդամներ, իսկ պետությունները պետք է Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվեն որոշակի ժամկետով և ռոտացիոն սկզբունքով։

«Մենք չենք կարող կառուցել ապագայի միջազգային կարգը՝ պահպանելով անցյալի հիերարխիան»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ վերջին քառորդ դարի իրադարձությունները ցույց են տվել՝ ուժերի ոչ մի հավասարակշռություն և միջազգային կարգ հավերժական չեն։

Էրդողանը կրկին առաջ է քաշել Անկարայի կողմից շրջանառվող «Աշխարհն ավելի մեծ է, քան հինգը» սկզբունքը, որը վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ անդամներին։ Նրա խոսքով՝ այս կոչը ավելի լայն պատասխանատվության ընկալման հրավեր է, և ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը պետք է վերածել կոնկրետ ճանապարհային քարտեզի։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև միջազգային համակարգի տնտեսական բաղադրիչին։ Նրա խոսքով՝ գլոբալիզացիան ինքնին բարեկեցության տարածում կապահովի ակնկալիքները լիովին չեն արդարացել, մինչդեռ եկամուտների բաշխման անհավասարությունն ավելի է խորացել, իսկ տեխնոլոգիաներն ու տնտեսական կախվածությունները վերածվել են մրցակցության նոր ոլորտների։

  • Կիսվել: