երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Եմենի հութիները Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար մեղադրել են Սաուդյան Արաբիային

Եմենի հութիները Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար մեղադրել են Սաուդյան Արաբիային

Եմենի հյուսիսը վերահսկող հութիներն այսօր մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի միջազգային օդանավակայանին օդային հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ նծելով, որ նրանք խոստացել են հակահարված տալ։:

Մասնավորապես՝ հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հարձակումներն անվանել է «բացահայտ ագրեսիա» և նշել, որ սրանով ավարտվում է երկարատև հակամարտության լարվածության թուլացման շրջանը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան կկրի հետևանքները, և հարձակումն անպատասխան չի մնա։

Աղբյուրը նշում է, որ Սաուդյան Արաբիան չի արձագանքել մեղադրանքներին։

Նշենք, որ այսօր ավելի վաղ երկրի հարավում գտնվող՝ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր զինված ուժերը թիրախավորել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղին՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար։

Հիշեցնենք, որ Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։

Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

  • Կիսվել: