ԵՄ-ը կավելացնի օգնությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժած եվրոպական ընկերություններին
Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է ավելացնել պետական օգնությունը ԵՄ-ի այն ընկերություններին, որոնք տուժել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից։
«Քանի որ ճգնաժամը շարունակվում է, մենք նաեւ առաջարկում ենք ավելացնել օգնության առավելագույն մակարդակը, որը կարող է տրամադրվել Շրջանակային ծրագրի շրջանակում»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հակամենաշնորհային օրենսդրության ղեկավար Մարգրեթ Վեսթագերը։
«Մենք որոշում կընդունենք հետագա գործողությունների մասին՝ հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների կարծիքը եւ միասնական շուկայում արդյունավետ մրցակցության պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Վեսթագերը։
27 անդամ պետություններին ուղարկված առաջարկը նաեւ հաշվի է առնում ԵՄ-ի՝ հանածո վառելիքից անկախանալու նպատակը եւ էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացիայի հետագա արագացման լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը։


