ՀՀ-ն կշարունակի ԵՄ-ին անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչ դրանց լիարժեք համապատասխանելը. ՔՊ
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում:
«2023 թվականից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունն իր նպաստը բերեց մեր երկրի կայունությանն արևելյան սահմանների երկայնքով: 2024 թ. ընդունվել և կենսագործվում է Հայաստանին աջակցող ԵՄ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը: ԵՄ անդամ պետությունները կոնսենսուսային որոշմամբ Հայաստանին աջակցություն տրամադրեցին «Եվրոպական խաղաղության գործիքի» ներքո: 2025 թվականին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մեկնարկեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը, Հայաստանին փոխանցվեց այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը: Մեկնարկեցին ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները: Նույն թվականին ստորագրվեց ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ 2018 թվականից ուժի մեջ է Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր»,-նշված է ծրագրում:


