շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵՄ-ն Բիճվինթան Ռուսաստանին հանձնելն անօրինական է համարում

ԵՄ-ն Բիճվինթան Ռուսաստանին հանձնելն անօրինական է համարում

Վրաստանում Եվրամիության (ԵՄ) ներկայացուցչությունը արձագանքում է Աբխազիայի դե ֆակտո կառավարության կողմից Բիճվինթան Ռուսաստանին հանձնելուն։ Բրյուսելում ասում են, որ սա անօրինական և ոչ մի ուժ չունեցող որոշում է, գրում է aliq.ge-ն:

Եվրամիությունը նաև ընդգծել է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

«Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ցանկացած որոշում, որը խաթարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես օրինակ՝ օկուպացված Աբխազիայի տարածքները Ռուսաստանին փոխանցելու փորձը, անօրինական է, և ոչ մի ուժ չունի»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանը» դեկտեմբերի 27-ին վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա համաձայնագիրը», որն ավելի ուշ իր ստորագրությամբ հաստատել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան: «Ռուսաստան-Աբխազիա համաձայնագրով» աբխազական կողմը Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը հանձնել է Ռուսաստանին:

  • Կիսվել: