ԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրամիությունը 100 մլն եվրո է հատկացրել Լիբանանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ այն որակելով որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ, և ընդգծել, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։
Ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ միջնորդական ջանքերի համար:
«Հաջորդ կարևոր քայլերն են ոչ պետական խմբավորումների զինաթափումը, ինչպես նաև Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը։
Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման այս ուղուն, այդ թվում՝ շարունակելով անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումները, որի շրջանակներում արդեն իսկ մոբիլիզացվել է 100 մլն եվրո՝ տեղահանված անձանց աջակցելու համար»,-գրել է նա:



