երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

Եվրամիության խորհուրդը նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել Ուկրաինային հակամարտության մեկնարկից ի վեր խոշորագույն ֆինանսական հատկացումն անելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Եվրամիության խորհուրդն այսօր որոշում է ընդունել, որը հնարավորություն կտա Ուկրաինային առաջիկայում ստանալ «Ուկրաինայի աջակցության գործիքի» (Ukraine Facility) շրջանակում նախատեսված՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Դրանից շուրջ 5 միլիարդ եվրոն գոյանում է 2026 թվականին Ուկրաինայի աջակցության վարկի շրջանակում հասանելի դարձած միջոցներից։

Սա ԵՄ-ի կողմից նշված գործիքի շրջանակում Ուկրաինային տրամադրվող ամենախոշոր միանվագ վճարումն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆինանսական հատկացումը հաջորդում է Ուկրաինայի կողմից ավելի քան 20 նպատակային քայլերի իրականացմանը, որոնք վերաբերում են մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներին։ Դրանց թվում են դատական համակարգը, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը, ֆինանսական շուկաները, պետական ակտիվների կառավարումը, մարդկային կապիտալը, գործարար միջավայրը, ապակենտրոնացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը, էներգետիկան, ագրոպարենային ոլորտը, թվային վերափոխումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

ԵՄ-ից հայտնել են, որ տրամադրվող ֆինանսավորումը նպատակ ունի ամրապնդել Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությունը, աջակցել երկրի վերականգնմանն ու արդիականացմանը, ապահովել պետական կառավարման համակարգի անխափան գործունեությունը և նպաստել բարեփոխումների իրականացմանը։

 

  • Կիսվել: