ԵԽԽՎ-ն անհանգստացած է Բաքվում հանրահավաքն ուժի կիրառմամբ ցրելու առթիվ
«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատ արձակել նրանց, որոնք ապօրինաբար կալանավորվել են եւ հետաքննել ենթադրյալ խոշտանգումների եւ սխալ վերաբերմունքի դեպքերը»,-ասել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներ Շտեֆան Շենահը (Ավստրիա) եւ Ռոջեր Գեյլն (Մեծ Բրիտանիա) իրենց հայտարարության մեջ, որտեղ ներկայացնում են իրենց անհանգստությունը՝ կապված Բաքվում ոստիկանության կողմից չարտոնված հանրահավաքի ցրման ժամանակ կիրառված ուժի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զեկուցողները ոստիկանության գործողություններն անվանում են «անիրավաչափ եւ անհամամասնական»։
Նրանք պնդում են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ կալանավորվել էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առնվազն տասը անդամներ, նրանք դատապարտվել էին 60 օրվա վարչական կալանքի։
Խորհրդականները ներկայացրել են նաեւ չհաստատված տվյալներ կտտանքների մասին, որոնք կիրառվել են հանրահավաքում կալանավորվածների հանդեպ: Ըստ նրանց՝ որոշ կալանավորվածների գտնվելու վայրի մասին մինչ այժմ չկան տեղեկություններ ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանությունը Բաքվում կասեցրել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կազմակերպության փորձը՝ չարտոնված հանրահավաք անցկացնել Բաքվի կենտրոնում: Արդյունքում 60 հոգի կալանավորվել է։