երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Եկատերինբուրգի դատարանը ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների է կալանավորել

Եկատերինբուրգի դատարանը ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների է կալանավորել

Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների, որոնք մեղադրվում են սպանությունների և մահափորձերի մեջ, տեղեկացնում է Е1.ru-ն։

Նշվում է, որ նրանց սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում:

Որպես խափանման միջոց կալանավորում է ընտրվել սկանդալային հայտնի «Կասպի» սրճարանի տնօրեն Մազահիր Սաֆարովի նկատմամբ, որի հարևանությամբ ավազակային հանդիպում էին կազմակերպել, որն ավարտվել էր հետապնդմամբ և հրաձգությամբ։

Իր հերթին ադրբեջանական АПА լրատվականը հաղորդում է, որ կալանավորելու որոշում է կայացվել նաև Այազ Սաֆարովի և Շահիդ Լալաևի նկատմամբ։

Մինչև օրվա վերջ դատարանը որոշում կկայացնի նաև Բաքիր Սաֆարովին և Ահլիման Գյանջիևին կալանավորելու վերաբերյալ։

Աղբյուրը նշում է, որ, ըստ քննության վարկածի, դրվագները, որոնցով մեղադրանք է առաջադրվել, տեղի են ունեցել Եկատերինբուրգի տարածքում 2001, 2010 և 2011 թվականներին, հայտնում է Е1.ru-ն։

Դատարան են ժամանել Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին և Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ, բաժին է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։

Գլխավոր կասկածյալներից մեկը մահացել է, երբ նրա մոտ են ներխուժել ոստիկանությունն ու հատուկջոկատայինները։

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 10 ադրբեջանցի։

  • Կիսվել: