Չինաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայում Չինաստանի դեսպանը հուլիսի 8-ին կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, որտեղ գերմանական կողմն իր բողոքն է հայտնել Կարմիր ծովում գործողություն իրականացնող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման կապակցությամբ: Այս մասին ասվում է X սոցիալական հարթակում Գերմանիայի ԱԳՆ արած գրառման մեջ։
«Գերմանացի անձնակազմին թիրախավորելը և գործողությունները խաթարելը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ։
Associated Press-ի փոխանցմամբ, Գերմանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծովային հսկողություն իրականացնող օդանավը Եվրամիության Aspides առաքելության մաս է կազմել։ Առաքելության նպատակը Եմենում հութի զինյալներից քաղաքացիական նավերի ավելի լավ պաշտպանությունն է։ Գերմանիայի ՊՆ պնդմամբ՝ օդանավը չինական ռազմանավի կողմից լազերային հարձակման է ենթարկվել ավելի վաղ այս ամիս՝ «առանց որևէ պատճառի կամ նախազգուշացման»։
Որպես նախազգուշական քայլ՝ օդանավի առաքելությունը չեղարկվել է։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիբութիի ռազմաբազայում։ Անձնակազմից տուժածներ չկան։ Ավելի ուշ ինքնաթիռը ԵՄ առաքելության հետ վերսկսել է գործողությունները Կարմիր ծովում։