Բիլ Գեյթսը կարող է զրկվել բոլոր հովանավորներից Էփշտեյնի հետ կապի պատճառով. Bloomberg
Ամերիկացի խոշորագույն ներդրող, մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆեթը դադարեցնում է բազմամյա գործընկերությունը Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի հետ՝ Գեյթսի և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի շուրջ Կոնգրեսի ուժեղացված ուշադրության և նոր բացահայտումների ֆոնին: Դրա մասին հուլիսի 15-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի ղեկավարը Գեյթսի հետ հանդիպել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում և քննարկել իր որոշումը: Բաֆեթը նշել է, որ Կոնգրեսի ստուգումների արդյունքում չի գտել այնպիսի տեղեկություն, որը դուրս կլիներ իր պատկերացումներից, և մատնանշել է, որ Գեյթսն ի վերջո դադարեցրել էր իր կապերը Էփշտեյնի հետ:
Միևնույն ժամանակ, Բաֆեթը լիովին չի հրաժարվել Microsoft-ի համահիմնադրի հետ ընկերությունից, թեև ստուգման արդյունքներն ու Էփշտեյնի հետ նրա կապերն անվանել է «տհաճ»: Նա նշել է նաև, որ չի ծրագրում վերսկսել նվիրատվությունները Գեյթսի հիմնադրամին, որին վերջին երկու տասնամյակի ընթացքում փոխանցել է ավելի քան 47 միլիարդ դոլար:
Բաֆեթը հայտարարել է, որ Գեյթսի հիմնադրամն ավելի շատ գումար է վաստակել, քան սպասվում էր, և որ ինքը վստահում է իր երեխաներին՝ սեփական կարողությունը տնօրինելու հարցում: Միլիարդատերն արագացրել է միջոցների փոխանցումն իր ընտանիքի հետ կապված չորս բարեգործական կազմակերպություններին՝ նրանց տրամադրելով շուրջ 6 միլիարդ դոլար արժողությամբ Berkshire-ի բաժնետոմսեր:
Հետագայում Բաֆեթը նախատեսում է առաջիկա ութ տարիների ընթացքում այդ կազմակերպություններին փոխանցել մոտ 140 միլիարդ դոլար գնահատվող իր ամբողջ մասնաբաժինը: Այդ որոշումը հաջորդել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի հրապարակմանը, որոնք կրկին ուշադրություն են հրավիրել Գեյթսի և Էփշտեյնի կապերի վրա: Գեյթսի հիմնադրամը պատվիրել է այդ կապերի անկախ ստուգում և ակնկալում է դրա ավարտը ամռանը:
Բաֆեթն ու Գեյթսը, այդուհանդերձ, շարունակում են պահպանել կապը: Bloomberg News-ին տված հայտարարության մեջ Գեյթսը բարձր է գնահատել Բաֆեթի ներդրումը հիմնադրամի զարգացման գործում և նրանց բազմամյա ընկերությունը:
Գեյթսի հիմնադրամի հետ 95-ամյա Բաֆեթի՝ համագործակցությունից հրաժարվելու մասին հունիսի 30-ին հայտնել էր նաև The Wall Street Journal պարբերականը: Շեշտվում էր, որ ներդրողը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել է իր կանոնավոր մասնահանումը Microsoft-ի հիմնադրի բարեգործական հիմնադրամին, քանի որ վերջինս շրջանառվում է Էփշտեյնի գործով սկանդալում:
Էփշտեյնի գործով ֆայլերը սկսել են հրապարակվել 2025 թվականի դեկտեմբերի 20-ից՝ այն բանից հետո, երբ նույն տարվա նոյեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր դրանց հանրայնացման մասին օրինագիծը: ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին փետրվարի 14-ին հրապարակել էր ավելի քան 300 հայտնի մարդկանց անուններ պարունակող ցանկ, որոնք հիշատակվում են ֆինանսիստի գործի նյութերում: Նշվում էր, որ տեքստում առկա են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի, 46-րդ նախագահ Ջո Բայդենի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նաև երգչուհի Բեյոնսեի ազգանունները:



