Բաղդադում ԱՄՆ զինուժի հարվածի հետևանքով զոհվել է շիա շարժման հրամանատարը
Բաղդադում ամերիկյան զինուժի հարվածի հետևանքով սպանվել է իրանամետ շիական ՛՛Հեզբոլլահ ալ-Նուջաբա՛՛ շարժման հրամանատարներից մեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդվում է՝ հարվածը հասցվել է ավտոմեքենային։ Հրամանատարի անունը չի նշվում։ Մահացել է ևս մեկ մարդ։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ շարժումը նախկինում հարձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերի վրա։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր ՛՛Հեզբոլլահ ալ-Նուջաբայի՛՛ հրամանատարներից մեկը, առնվազն վեց մարդ վիրավորվել էր։
Սպանվածը հայտնի էր որպես Աբու Թաքվա, որը ղեկավարում էր շարժման 12-րդ բրիգադը, ինչպես նաև իրաքյան շիա աշխարհազորային ալ-Հաշդ ալ-Շաաբիի կողմնակիցն էր:
՛՛Հեզբոլլահ ալ-Նուջաբան՛՛ հաստատել է իր հրամանատարի մահը և կատարվածի համար մեղադրել ԱՄՆ-ին։ Անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Բաղդադում նյութատեխնիկական ապահովման ուժերի շտաբը։