ԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
ԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ։ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է առաջարկվող մաքսատուրքերի մասին՝ միաժամանակ ներկայացնելով լայնածավալ զեկույցներ, թե ինչպես է տվյալ երկրների գործելակերպն ազդում ամերիկյան առևտրի վրա:
Չինաստանի նկատմամբ կարող է սահմանվել 20 տոկոս մաքսատուրք, սակայն դա կարող է հասնել 40 տոկոսի, եթե կողմերի միջև բանակցությունները ձախողվեն: Վիետնամի նկատմամբ առաջարկվում է սահմանել մինչև 35 տոկոս մաքսատուրք, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Եվրամիության և Շվեյցարիայի նկատմամբ՝ 15 տոկոս։
Միևնույն ժամանակ Ջեյմիսոն Գրիրը նշել է, որ հայտարարված մաքսատուրքերը չեն գերազանցի այն մակարդակը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել առևտրային երկկողմ համաձայնագրերի շրջանակում:
Ճապոնիայի կառավարության խոսնակը ցավալի է որակել նոր մաքսատուրքերի մասին Վաշինգտոնի որոշումը:



