երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իսրայելի վարչապետի և Պաղեստինի նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իսրայելի վարչապետի և Պաղեստինի նախագահի հետ

Իսրայելի վարչապետն ընդունել է հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն չորրորդ անգամ այնտեղ մեկնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, հայտնում են Պետքարտուղարությունից:

Նշվում է, որ Երուսաղեմում հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլը:

Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու՝ այդ երկրի իրավունքին: Նա, այնուհանդերձ, հորդորել է քայլեր ձեռնարկել՝ չվտանգելու քաղաքացիական բնակչության կյանքը:

Կողմերը քննարկել են պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Գազայի հատված մարդասիրական մատակարարումները: Բլինքենը շեշտել է Հորդանան գետի Արևմտյան ափին դեէսկալացիայի և պաղեստինցիների նկատմամբ բռնություն իրականացնող ծայրահեղական վերաբնակիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Բլինքենը հանդիպել է նաև Պաղեստինի նախագահի հետ: Մահմուդ Աբասը հանդես է եկել Գազայի հատվածում մարդասիրական դադարի երկարաձգման և վերջնական հրադադի հաստատման օգտին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ նա կոչ է արել վերջ տալ Իսրայելի ագրեսիային:

  • Կիսվել: