ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային օգնության մասին օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային օգնության մասին օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ուրբաթ գիշեր հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին, գրել է The Hill-ը։

Հրապարակման համաձայն՝ «կողմ» է արտահայտվել 226 կոնգրեսական, «դեմ»՝ 195-ը։

Միևնույն ժամանակ, 18 հանրապետական և Կալիֆոռնիա նահանգից անկախ կոնգրեսական Քևին Քիլին միացել են դեմոկրատներին՝ օրինագիծն ընդունելու համար։ Նախօրեին պալատը ընթացակարգային քվեարկությամբ հավանություն էր տվել այս նախաձեռնությունը քննարկման դնելուն։

Օրինագծի հեղինակը պալատի անդամ, դեմոկրատ Գրեգորի Միքսն է, որն ընդգրկված է արտաքին հարաբերությունների կոմիտեում։

«Սակայն քիչ հավանական է, որ օրինագիծն ընդունվի հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատում, որտեղ մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը (հանրապետական Հարավային Դակոտայից) հազվադեպ է շեղվել նախագահի դիրքորոշումից», - նշել է թերթը։

Միքսի խոսքով՝ «հանրապետական ղեկավարությունը դեմ է այս օրինագծին»։

Ինչպես նշվել էր, փաստաթուղթը նախատեսում է Կիևին 8 մլրդ դոլարի ռազմական վարկերի տրամադրում, Ուկրաինային պաշտպանական օգնության ծրագրի (USAI) երկարաձգում մինչև 2027 թվականը, որը թույլ է տալիս զենք մատակարարել անմիջապես Պենտագոնի պահեստներից, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ։

  • Կիսվել: