ԱՄՆ-ն երկրորդ տարին անընդմեջ մուտքի վիզա չի տրամադրում Պաղեստինի առաջնորդին՝ ՄԱԿ-ի ամենամյա նիստի մասնակցելու համար
ԱՄՆ-ն մերժել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին մուտքի վիզա տրամադրել՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա հանդիպմանը մասնակցելու համար։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են պաղեստինյան երկու աղբյուրներ։
ԱՄՆ-ն հայտարարել էր պաղեստինցի պաշտոնյաների դեմ վիզայի պատժամիջոցների երկարաձգման մասին՝ առանց Աբբասի անունը նշելու, մեղադրելով նրանց խաղաղության գործընթացի պարտավորությունները չկատարելու մեջ։
Պատժամիջոցները սկզբնապես կիրառվել են անցյալ տարվա օգոստոսին, երբ 80 պաղեստինցի պաշտոնյաների մերժեն էին վիզա տրամադրել՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա հանդիպմանը մասնակցելու համար։
Իր հայտարարության մեջ ԱՄՆ-ն մեղադրել է Պաղեստինին ահաբեկչության և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը միջազգայնացնելու փորձերի մեջ։
Հինգշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը վիզայի պատժամիջոցները անվանել է անհիմն միջոց, որը հակասում է վստահության վերականգնման, պաղեստինա-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ինչպես նաև խաղաղության ու կայունության հասնելու համար անհրաժեշտ քաղաքական մթնոլորտ ստեղծելու ջանքերին։
Անցյալ տարի վիզայի վերաբերյալ որոշումից հետո Աբբասի ներկայացուցիչը հայտարարել էր, որ քայլը ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համաձայնագրին։
Ըստ ՄԱԿ-ի համաձայնագրի ՝ ԱՄՆ-ն պարտավոր է թույլատրել օտարերկրյա դիվանագետների մուտքը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը հայտարարել է, որ կարող է մերժել վիզաների տրամադրումը՝ ելնելով անվտանգության, ծայրահեղականության և արտաքին քաղաքականության նկատառումներից:
Նշենք, որ Պաղեստինը այժմ ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների մոտ 75%-ի կողմից , այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Ավստրալիայի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից ԱՄՆ-ն միակն է, որը չի ճանաչել Պաղեստինը։
ԱՄՆ որոշումը կայացվել է ՄԱԿ-ի նախազգուշացումներից հետո, որ Գազայում մարդասիրական իրավիճակը շարունակում է ծանր մնալ՝ չնայած անցյալ տարվա հոկտեմբերին կնքված հրադադարին, քանի որ Իսրայելի օդային և այլ հարձակումները շարունակում են հարվածել բնակեցված տարածքներին՝ պատճառելով զոհերի, գույքային վնասների և հետագա տեղահանման։



