ԱՄՆ-ն Ադրբեջանում գործերի նոր ժամանակավոր հավատարմատար է նշանակել
Վաշինգտոնը հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում Էմի Քեռլոնի նշանակման մասին։ Այս մասին ասված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան սոցցանցերի էջում։
Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ Քեռլոնը Բաքու է ժամանել այս շաբաթ։
Նախկինում նա 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի օգոստոսը զբաղեցրել է Արտաքին ծառայության ինստիտուտի քաղաքական ուսուցման բաժնի տնօրենի պաշտոնը։ Էմին եղել է նաև Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերի գրասենյակի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Խաղաղօվկիանոսյան կղզիների գրասենյակի փոխտնօրեն (2020–2022) և քաղաքական խորհրդական Աթենքում ԱՄՆ դեսպանատանը (2016–2019):
Իր կարիերայի ընթացքում դիվանագետն աշխատել է Ինդոնեզիայում, Ավստրիայում և Ռուսաստանում։