կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած մաքսատուրքերը

ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած մաքսատուրքերը

Այսօր ԱՄՆ գերագույն դատարանմ անօրինական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տուրքերի մեծ մասը: Այս մասին ասված է դատարանի կայքում։

Դատարանն ընդգծել է, որ Թրամփը հիմնվել է 1977 թվականի Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) վրա, որը նախագահին իրավունք է տալիս արտակարգ իրավիճակի պայմաններում «կարգավորել» տնտեսական գործառնությունները, սակայն նրան մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս: Բարձրագույն դատարանը որոշել է, որ որպես սակագների հիմք այս օրենքի օգտագործումն անօրինական է:

Ըստ դատարանի՝ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:

Մաքսատուրքերի չեղարկման օգտին քվեարկել են լիբերալ դատավորներ Կետանջի Բրաուն Ջեկսոնը, Ելենա Կագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են պահպանողական դատավորներ Էմի Կոնի Բարետը, Նիլ Գորսաչը և դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը: Որոշմանը դեմ են քվեարկել Բրետ Քավանոն, Սամուել Ալիտոն և Կլարենս Թոմասը։

Նշենք, որ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մաքսատուրքեր է սահմանել ամբողջ աշխարհի դեմ՝ վկայակոչելով Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը և արտակարգ դրություն է հայտարարել երկու սպառնալիքի պատճառով՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից թմրանյութերի շրջանառություն և ԱՄՆ-ի խոշոր առևտրային պակասուրդ: Այդ հիմքով նա 10-25 տոկոս սակագներ է սահմանել տարբեր երկրներից ներմուծումների համար։

Հավելենք նաև, որ դատարանի վճիռը սահմանափակում է մաքսատուրքերի կիրառումը և կարող է էապես ազդել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարության վրա:

  • Կիսվել: