Աֆղանստանը Բաղրամի ավիաբազան երբեք չի հանձնի ԱՄՆ-ին. Թալիբան
Թալիբանի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի մերժել է Բաղրամի ավիաբազան Քաբուլ վերադարձնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը: Նա պնդում է, որ այն Աֆղանստանի անբաժանելի մասն է։
Թալիբանի կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը Al Arabiya հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, մասնավորապես, ասել է. «Բաղրամը Աֆղանստանի տարածքի մի մասն է։ Այն ոչնչով չի տարբերվում աֆղանական հողի որևէ այլ անկյունից։ Մենք երբեք չենք համաձայնի որևէ գործարքի կամ մեր երկրի որևէ մասի փոխանցման»։
Նա հավելել է, որ «աֆղանցիները չափազանց զգայուն են օկուպացիայի նկատմամբ, և ոչ մի աֆղանցի երբեք թույլ չի տա, որ իր հողը բռնագրավվի կամ վերահսկվի արտաքին ուժերի կողմից՝ նույնիսկ մեկ դյույմ»։
Քաբուլից հյուսիս գտնվող Բագրամը Աֆղանստանում ԱՄՆ ամենամեծ ռազմական օբյեկտն էր և Թալիբանի հետ նրա երկու տասնամյակ տևած պատերազմի կենտրոնը։ Ամերիկյան զորքերըն այն լքել են 2021 թվականի հուլիսին՝ Թալիբանի իշխանության վերադառնալուց մի քանի շաբաթ առաջ։ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է «վատ քայլեր ձեռնարկել», եթե բազան չվերադարձվի։
Թրամփի սպառնալիքին ի պատասխան՝ Մուջահիդն ասել է, որ 20 տարի ամերիկյան օկուպացիայի տակ Աֆղանստանը «վատ քայլերի» հետևանքներն է վերապրել՝ ոչ թե մեկ օր, այլ երկու տասնամյակ անընդմեջ։ «Ամերիկացիները չպետք է մոռանան, որ վատ գործողությունները վատ արձագանքներ են առաջացնում։ Ի վերջո, նրանք ստիպված էին դուրս բերել իրենց զորքերը Աֆղանստանից։ Աֆղանստանը այն երկիրը չէ, որը կարող է օկուպացվել կամ ենթարկվել։ Նրանք պետք է քաղաքական, դիվանագիտական և ռացիոնալ կերպով համագործակցեն աֆղանցիների հետ»։
Մամուլի քարտուղարը հաստատել է ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունները, բայց ընդգծել է, որ նրանք կենտրոնացել են գերիների փոխանակման, դիվանագիտական հարաբերությունների և տնտեսական ներդրումների վրա, այլ ոչ թե Բաղրամի վրա, որը, ըստ նրա, բանակցության առարկա չպետք է լինի։


