Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները
Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց երկրի Մշակույթի նախարարությանը, մասնավորապես, նշում են. «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային պատկանելիության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողությունները և այն, որ ընդհանուր առմամբ վերջին շրջանում նման դեպքերը ստացել են համակարգված բնույթ, Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, ներառյալ համերգները, փառատոնները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են։
Այդ միջոցառումների տոմսեր գնած քաղաքացիները տոմսերը վերադարձնելու համար կարող են դիմել համապատասխան վաճառակետեր և առցանց հարթակներ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն պատճառով չեղարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցն Ադրբեջան: