Ադրբեջանում արգելվել են հարսանիքները. օպերատիվ շտաբը խիստ սահմանափակումներ է մտցրել
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվանից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:
Ըստ այդմ՝ զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվել են:
Այսօրվանից Ադրբեջանում չեն գործում բոլոր կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները: Սրճարաններին ու ռեստորաններին թույլատրվում է աշխատել մինչև երեկոյան ժամը 9-ը: Առևտրի կենտրոններն ու հանրային տրանսպորտը աշխատելու են պետական մարմինների կողմից սահմանված կանոններով: Դեղատների, պարենային խանութների աշխատանքային ռեժիմը չի փոխվում:
Կարանտինը կամ բուժման ռեժիմը խախտող քաղաքացիները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Հատուկ միջոցներ կկիրառվեն նաև կեղծ տեղեկություններ տարածող և խուճապ սերմանող լրատվամիջոցների ու անձանց նկատմամբ:
Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արգելվում են հարսանիքները՝ բացառությամբ նրանց, որ նախապես պլանավորված էին մարտի 14-ի և 15-ի համար:
Ընդգծվում է նաև, որ Օպերատիվ շտաբի բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման: