երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր

COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր:

Ըստ Բաքվի՝ այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եվրոպական 26 երկրի 76 քաղաքական գործիչ կզրկվի երկիր մուտք գործելու իրավունքից։ Որոշումն ընդունվել է հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո, որի արդյունքում 2024 թ. Ադրբեջանը զրկվել է ձայնի իրավունքից: ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել ԵԽԽՎ-ի առջև ստանձնած պարտավորությունները, Բաքուն նաև քննադատության է ենթարկվել 2023 թվականի աշնանը ակտիվիստներին և լրագրողներին ձերբակալելու համար։

Շվաբեն Գերմանիայի պատվիրակության կազմում հայտ է ներկայացրել COP29-ին մասնակցելու համար, սակայն նրան տեղեկացրել են, որ ԵԽԽՎ-ում բանաձևին կողմ քվեարկած բոլոր պատգամավորների նման ինքն էլ Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ԵԽԽՎ պատգամավորների մուտքն արգելված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառույցում ամբողջությամբ չեն վերականգնվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: 

 

  • Կիսվել: