Ադրբեջանի դատարանը ՌԴ ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկության
Ադրբեջանի դատարանը դատավճիռ է ընդունել Ռուսաստանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ նրանց մեղավոր ճանաչելով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ամբաստանյալներից չորսը դատապարտվել են չորսական տարվա ազատազրկման, իսկ մյուս չորսը՝ երեքական տարվա։
Նշվում է նաև, որ բոլոր դատապարտվածները ձերբակալվել էին 2025 թվականին՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին։
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո, որը, ինչպես հաղորդվում էր, տեղի էր ունեցել ռուսական ՀՕՊ-ի աշխատանքի պատճառով։ Ռուսաստանի իշխանությունները երկար ժամանակ պատասխանատվություն չէին ստանձնում միջադեպի համար, ինչը հարուցել էր Բաքվի կտրուկ արձագանքը։
2025 թվականի ամռանը լարվածությունն էլ ավելի էր սրվել Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալություններից հետո։ Ի պատասխան՝ Ադրբեջանում ձերբակալվել էին ՌԴ քաղաքացիներ, որոնց թվում կային ՏՏ մասնագետներ, գործարարներ և զբոսաշրջիկներ։
Ավելի վաղ այս գործով ռուսաստանցիների առաջին դատավճիռներն ընդունվել էին ապրիլին և մայիսին. Ալեքսանդր Վայսերոն դատապարտվել էր չորս տարվա, իսկ Իգոր Զաբոլոտսկին ու Իլնուր Վալիտովը՝ երեքական տարվա ազատազրկման՝ կիբեռխարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։


