30-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով Եղեգիս-Շատին ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին․ կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Եղեգիս-Շատին ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



