ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Տեղի է ունեցել պլաստիկի սահմանափակումների վերաբերյալ իրազեկման ընդլայնված քննարկում

Տեղի է ունեցել պլաստիկի սահմանափակումների վերաբերյալ իրազեկման ընդլայնված քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված իրազեկման հանդիպումներ՝ նվիրված պլաստիկ արտադրանքի նկատմամբ սահմանվող օրենսդրական կարգավորումներին, որոնք ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

Հանդիպմանը մասնակցել են խոշոր առևտրային ցանցերի և սուպերմարկետների, ինչպես նաև արտադրող, ներմուծող և իրացնող ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակը, անցումային ժամանակահատվածի առանձնահատկությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի տեսանկյունից անվտանգ այլընտրանքային լուծումները։

Հանդիպումը վարել է Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ով ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակներն ու ակնկալվող բնապահպանական արդյունքները՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ուղղված է պլաստիկ թափոնների կրճատմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և պատասխանատու սպառման մշակույթի ձևավորմանը։

Քննարկման ընթացքում տնտեսվարողներին տրամադրվել են մանրամասն պարզաբանումներ՝ օրենսդրության կիրառման, արգելվող արտադրատեսակների, նախատեսվող բացառությունների և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց դիտարկումներն ու բարձրացնելու ոլորտին առնչվող գործնական հարցեր։

Նախարարությունը կարևորում է պետություն-մասնավոր հատված շարունակական երկխոսությունը՝ համոզված լինելով, որ նման ձևաչափով քննարկումները կնպաստեն օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը։

  • Կիսվել: