Սուքիասյանը վստահեցնում է՝ «Ռոսիա» տոնավաճառում ոչինչ չեն խլել, պայմաններն են բարելավում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի ընտանիքին է պատկանում Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառը, համաձայն չէ, որ տոնավաճառի աշխատակիցների համար խնդիրներ են առաջացրել։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ տոնավաճառը համապատասխանեցվում է միջազգային ստանդարտներին։
«Մարդուն ասել են՝ եկեք պայմանները լավացնենք, որովհետև այսօր ժամանակակից առևտրի կենտրոններն այլ տրամաբանությամբ են աշխատում։ Ասել ենք՝ եկեք իքս ժամանակ մի՛ աշխատեք, հետո ձեզ կտեղափոխեն, դուք ասում եք՝ խլել են»,– ասաց Սուքիասյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ աշխատակիցները պնդում են, թե տարածքը տրամադրվելու է 3 բրենդի, և իրենք մրցակցությանը չեն դիմանալու, նա հակադարձեց, թե երեք բրենդով չի լինելու։
«Ասում ենք՝ եթե այս վայրը չէ, ապա այլ վայրերում, որտեղ նմանատիպ ապրանքների շրջանառություն կա, ձեզ առաջարկ ենք արել, որ տարածք տրամադրենք։ Իհարկե, մեր ընտանիքի կողմից ասվել է, որ ոչ մի մարդ պետք է չնեղանա»,– նշեց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ փետրվարին վաճառականներն ակցիա էին անում՝ պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց, և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։ Նրանք նշում էին, որ իրենց ստիպել են լքել զբաղեցրած տարածքները, իսկ աշխատակիցներից մեկն էլ հայտնել էր, որ իրենք դեռ 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։


