հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան

Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան

Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին. այդ առաջարկները վաղուց կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ ինքն այդ մասին լսել է արտերկրից, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններից: Սուքիասյանը հստակեցրել է, որ խոսքը Ադրբեջանից գազ ներկրելու մասին չէ։

«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,-պարզաբանել է նա։

Ըստ Սուքիասյանի՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120 տոկոսով ավելի բարձր գնով, քան ստանում է սահմանին։

Ռուսական ընկերությունները, նրա խոսքով, Հայաստանում աշխատում են շահույթով և պետք է գնահատեն Հայաստանը՝ որպես տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենահարմարավետ երկրներից մեկը։

Սուքիասյանը նաև ասել է, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրելու։

«Ես միշտ դեմ եմ եղել թարմ մրգերի և բանջարեղենի արտահանմանը, քանի որ դա վայել է տեխնոլոգիաներին չտիրապետող երկրներին։ Արտադրանքը պետք է նախապես վերամշակվի և արտահանվի ամբողջ տարին, այլ ոչ թե մի քանի ամիս։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս ուղղությամբ»,-հավելել է պատգամավորը:

  • Կիսվել: