ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել համընդհանուր եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտադիր պահանջը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել համընդհանուր եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտադիր պահանջը

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկը Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ 

Նախագիծը ստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը և լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար պետք է առանձին քվեարկվի։

Նախագծի հիմնական զեկուցմամբ հանդես  եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ շեշտելով, որ առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի չեղարկել ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ և հայտարարագրեր ներկայացնելու պարտադիր պահանջը, որը, ըստ նրա,  գործում է որպես վարչարարական նոր բեռ և տուգանքի հիմք։ 

Պատգամավորը ներկայացրեց հիմնական խնդիրները գործող կարգավորումների վերաբերյալ։ 

«Ակնհայտ է, որ եթե քաղաքացին ունի ստվերային չգրանցված եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։ Հետևաբար, կեղծ են այն պնդումները, թե այս համակարգը կարող է նպաստել ստվերի կրճատմանը։  

Ի դեպ, անօրինական եկամուտների հայտնաբերումն այսպես թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության և վերահսկողության ներքո, ինչը շարունակում է խնդրահարույց մնալ։  

Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ հարկային մարմինն իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնում է ֆիզիկական անձանց հայտարարագրի նախագիծը։ Այսինքն՝ այդ տեղեկատվությունը բազայում կա և կրկնակի, եռակի անգամ նորից նույն բանը հայտարարագրելը որևէ կերպ չի կարող նպաստել նպատակադրված նպատակին։

Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում էլ չներկայացնելը, բնականաբար, առաջացնում է վարչական պատասխանատվություն, այսինքն՝ քաղաքացուն որպես «տուգանքի մատերիալ» հերթական անգամ կիրառելու հիմք»,- ընդգծեց պատգամավորը։  

Ավետիսյանը նաև կեղծ է համարում այն պնդումները, թե այդ համակարգն ունի խթանիչ հնարավորություններ, սոցիալական ծախսեր են վերադարձվում։

«Եթե կա այդպիսի իրական նպատակ, ինչո՞ւ եք  կապում դա հայտարարագրի հետ։ Եվ վերջին հաշվով հայտարարագիր չներկայացնող քաղաքացիները տարիներ շարունակ հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցումն էին ստանում իրենց վճարած եկամտահարկից՝ առանց հայտարարագրման։

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում, իբրև թե, ակնկալվում է ունենալ եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով էլ հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին։ Օրինակ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում։ Սա էլ իրական նպատակադրում չի, ավելի շատ քողարկված է, որովհետև եթե իրականում այդպիսի նպատակադրում կա, կարելի է սոցիալական աջակցության դիմող քաղաքացուն միայն ասել, որ տրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն՝ ըստ պահանջի։ Ինչպես, օրինակ, տարիներ շարունակ կիրառվում է բանկային համակարգում»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նաև անդրադարձավ ֆինանսական փոխանցումների 300 հազար դրամ շեմին՝ նշելով, որ սա գործնականում միակ նոր տեղեկատվությունն էր, որը հնարավոր էր ստանալ հայտարարագրերի միջոցով, սակայն այս կարգավորումը ևս այլևս արդյունավետ չէ։

«Ընդ որում, սա միակ լրացուցիչ տեղեկատվությունն էր, որը կարելի էր ստանալ՝ ի լրումն ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված համակարգի։ Հետևաբար, կարծում եմ, որ այսքան խնդիրների մեջ շատ կարևոր է տալ հնարավորություն Ազգային ժողովում ևս մեկ անգամ քաղաքացիների բարձրաձայնված խնդիրները քննարկել այս նախագծի համատեքստում»,- եզրափակեց Ավետիսյանը։ 

 

  • Կիսվել: