Փոխնախարարը հայտնեց ծիրանի և խաղողի ապահովագրության ծրագրի դադարեցման պատճառը
Ծիրանի և խաղողի ապահովագրության ծրագրի դադարեցման պատճառն այն էր, որ միջազգային ապահովագրական ընկերությունը, որը վերաապահովագրում էր Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասի ռիսկը, 2024 թվականի փետրվարին հայտնեց, որ այս տարի ձեռնպահ է մնում հայկական շուկայում իր ծառայությունների մատուցումից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Հայկական ապահովագրական ընկերությունները մեզ ասացին, որ իրենց համար վնասի ռիսկը տանելի չէ, այդ պատճառով չեն ցանկանում այս տարի ապահովագրություն իրականացնել: 2023 թվականին հավաքագրվել էր 1.8 մլրդ դոլար ապահովագրավճար, վնասի փոխհատուցումը կազմել էր 2.7 մլրդ դոլար»:
Ըստ փոխնախարարի՝ կառավարությունը նախաձեռնել է տարբեր քայլեր՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է այդ համակարգի շարունակականությունն ապահովել:
«Քանի որ վերաապահովագրող ընկերությունն ուշ էր հայտնել այդ մասին, կառավարությունը, ըստ էության, վերաապահովագրողի ֆունկցիան վերցրեց իր վրա, ասաց՝ եթե վնասը հավաքված ապահովագրավճարի 70 տոկոսից ավել կլինի, այդ ավել մասի 80 տոկոսը ես կփոխհատուցեմ: Սակայն այն ժամանակ, երբ ծրագիրը մեկնարկեց, որոշ մշակաբույսերի համար ակտուալ և հասանելի չէր, և դրանք դուրս մնացին ցանկից»,-պարզաբանեց Խոջոյանը:
Անդրադառնալով թեմային, թե որքա՞ն է եղել վերջին շրջանում կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության կրած վնասի չափը՝ նա ասաց, որ դեռևս շարունակվում են վնասի գույքագրման աշխատանքները:
«Մի քանի մարզում արդեն ունենք ամբողջացված տվյալներ, բայց հանրապետության մակարդակով խոսելու մասին դեռ վաղ է»,-նշեց փոխնախարարը: