ՊԵԿ-ի տվյալներով՝ 2021-ին խոշոր հարկատուների ցանկում տեքստիլ ոլորտի 11 ընկերություն է ներգրավված եղել․ Էկոնոմիկայի փոխնախարար
Որպես արտադրության գերակա ճյուղ առանձնացրել ենք տեքստիլի և հագուստի արտադրությունը, առաջիկա 4 տարիներին մեր հիմնական թիրախն այս ոլորտում աշխատանքի արտադրողականության խթանումն է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ներկայացրեց տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ-ին ոլորտի զարգացման գործողությունների ծրագիրը։ Փոխնախարարի խոսքով՝ 2020-2050թթ-ը ՀՀ-ի համար նախանշվել են՝ որպես արդյունաբերության և դրա առանձին ճյուղերի զարգացման շրջաններ։
Գևորգյանի խոսքով՝ տեքստիլի և հագուստի արտադրությունը վերջին տարիներին շոշափելի զարգացում է ապրել․« 2011-2020թթ-երին միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում, պետք է հաշվի առնել, որ տասնամյակի սկզբում ոլորտի արտահանման ծավալները բավականին ցածր էին։ 2022-ին արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը և 2021-ի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ կա ոլորտի զարգացման բավականին մեծ ներուժ։ Հագուստի արտադրությունը 2020-2022 թթ-ին ապահովել է մոտ 11․500 աշխատատեղ, որոնց 95 տոկոսը կանանց ներգրավվածությամբ»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ ոլորտին թիրախային նշանակություն տալու պարագայում հնարավոր է արտահանման ծավալները մեծացնել շուրջ 1,8 անգամ՝ հասցնելով 500 միլիոն դոլարի։
«2022-ին ոլորտում գործել են 265 ընկերություններ, որոնց մեծ մասը եղել են փոքրև միջին ձեռնարկություններ։ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2021-ին խոշոր հարկատուների ցանկում տեքստիլ ոլորտի 11 ընկերություն է ներգրավված եղել»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը։
Փոխվարչապետն Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ առկա համաշխարհային մրցակցության պայմաններում շատ կարևոր է , որ կառավարությունը համապատասխան քայլերով արագ արձագանքի ոլորտում առկա մարտահրավերներին։