Փաշինյանը չի պատկերացնում` ինչպես է ռուսական կողմը միակողմանի չեղարկելու գազի պայմանագիրը
Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե Հայաստանն ունի գործող իրավական հիմքեր, որոնք պաշտպանում են երկրի շահերը։
«Գազի գնի թանկացման մասով ասեմ, որ մենք պայմանագիր ունենք, պայմանավորվածություններ ունենք` ընդ որում երկարաժամկետ։ Դժվար եմ պատկերացնում, թե պայմանագրի կողմը այդ պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Դա պայմանագրային գործելակերպ չէ»,– ասաց Փաշինյանը։
Այդուհանդերձ, գործադիրի ղեկավարը վստահեցրեց, որ կառավարությունն աչքի առաջ ունի բոլոր հնարավոր զարգացումները։
Փաշինյանի խոսքով` գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
«Այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ես լսում եմ 8 տարի՝ տարին 2 անգամ այս խոսակցության մեջ եմ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը շարունակեց պնդել, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա հարցերը լուծվելու են բացառապես գործընկերային ճանապարհով։ Նա հայտարարեց, որ ՌԴ-ի հետ հայկական կողմը «եղբայրաբար, բարեկամաբար ու համբերատար» կքննարկի ստեղծված իրավիճակը։



