Պապոյանն անդրադարձել է Արարատի մարզի գյուղատնտեսների ահազանգին
Ոչ միայն մի քանի այց ենք կատարել տվյալ տարածք, այլև իրականացրել ենք տարբեր տեսակի փորձաքննություններ, մասնավորապես՝ հողի հետազոտություն, և պարզվել է, որ հիմնական պրոբլեմներից մեկն այն է, որ հողերը երկար ժամանակ միայն մեկ տեսակի սնուցում են ստացել, դրա պատճառով իրենց որակական հատկանիշները կորցրել են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի գյուղատնտեսների ահազանգին, թե վերջին շրջանում կրծողների թվի ավելացում և ցեց հիվանդության տարածում է նկատվում: Մտահոգություններ կան նաև շուկայում վաճառվող թունաքիմիկատների որակի մասով:
«Օգտվելով առիթից՝ կոչ կանեի մեր գյուղատնտեսներին, ֆերմերներին՝ ոչ միայն շատ օգտագործել ազոտական պարարտանյութեր, այլև կենսաբանական պարարտանյութերի վրա ուշադրություն դարձնել, որովհետև հատկապես այդ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ հողը զրկված է մի շարք միներալներից, որոնք կենսաբանական պարարտանյութերի միջոցով են ստացվում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է պեստիցիդներին, Պապոյանը տեղեկացրեց՝ անցած տարի բավականին մեծ աշխատանք է կատարվել, և արդեն երկար ժամանակ է, ինչ թույլ չի տրվում, որ կասկածելի ծագման պարարտանյութեր մտնեն ՀՀ, որոնք արտահանող երկրներում նախատեսված են միայն արտահանման և ոչ օգտագործման համար, իսկ նախկինում նման պեստիցիդների ներկրում ՀՀ եղել է: