Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, անդրադարձավ նաև Հայաստանից արտահանվող ձկան որակին։
Նրա խոսքով՝ որակի վերաբերյալ ամենալավ կարծիքը տալիս է արտահանումը։
«Մենք ՀՀ-ից արտահանում էինք կենդանի ձուկ, և ձուկը գնում էր ՌԴ։ Ուրիշ ոչ մի շուկա չէր գնում։ Երբ այդ ձուկը հայտնվեց սահմանափակման տակ, մեր տնտեսվարողները նոր շուկա գտան։ Ի՞նչ են անում։ ԵՄ և Էմիություններ է արտահանվում մեր ձուկը։ Այդ ձուկը մշակվում է, պաղեցվում կամ սառեցվում է, և մշակված եղանակով գնում է ԵՄ և ԱՄԷ»,- տեղեկացրեց նախարարը։
Նախարարի խոսքով՝ չկա չարիք առանց բարիքի։
«Մենք գիտեինք՝ մեր ձուկը վատն է ու մենակ Ռուսաստանում կարող է վաճառվել, բայց, պարզվում է՝ շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել, Եվրոպական միությունում էլ։ Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները (խոսքը ՌԴ սահմանափակումների մասին է - խմբ․), ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով»,- հայտարարեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ երբ մտածում ենք՝ հիմա աշխարհը փուլ է գալու գլխներիս, սակայն դա տեղի չի ունենալու մի պարզ պատճառով, որովհետև մեր տնտեսությունն ունի բավարար դիմացկունություն, և այդ դիմացկությունը մենք տեսել ենք։
«Գյուղատնտեսությունն անկում է ապրել 4,8 տոկոսով այն պարագայում, երբ մեր գյուղատնտեսական արտադրանքի բացարձակ մեծամասնությունը մի երկիր է գնացել, որտեղ բոլոր փականները փակած են։ Այդ փակողների տրամաբանությամբ մեր գյուղատնտեսությունը պետք է ոչ թե 4,8 տոկոս նվազեր, այլ 48։ Բայց 4,8 տոկոս է նվազել, որովհետև նախ՝ Կառավարությունը ժամանակին թիրախային աջակցություններ է տվել և շարունակում է տալ, և ժամանակին անհրաժեշտ պատրաստության ենք բերել մեր տնտեսությունը»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։



