շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ լոթեր են առկա. ԲՏԱ նախարարը՝ «Ինժեներական քաղաք»-ի մասին

Նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ լոթեր են առկա. ԲՏԱ նախարարը՝ «Ինժեներական քաղաք»-ի մասին

Կառավարությունը «Ինժեներական քաղաք» ծրագրին, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ որոշում ընդունեց:

«Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Սա՝ մի կողմից, մյուս կողմից՝ վերջին ամսիների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում»,- նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նշեց, որ հողակտորների նախնական սահմանված սահմանափակումները, այն է՝ տրամադրել մինչև 500 քմ հողակտոր ընկերություններին, դժվարություններ է ստեղծում այդ ընկերությունների համար, այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերությունները անհրաժեշտություն ունեն դիմել և ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ: Դա, նախարարության կարծիքով, ինչպես նաև «Ինժեներական քաղաքում» արդեն իսկ ռեզիդենտ ընկերությունների միաձայն որոշմամբ, միանշանակ գալիս է վերջնականացնելու և նպաստելու ինժեներական համայնքի էկոհամակարգի կայացմանը, որովհետև սա բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք», տասնյակ կամ հարյուրավոր՝ բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է:

«Մեր կարծիքով՝ այս կարգավորումը նպաստելու է նախևառաջ վերջնականացնելու և արագացնելու «Ինժեներական քաղաքի» կառուցման տեմպերը՝ զբաղեցնելով համապատասխան լոթերը, մյուս կողմից՝ բնականաբար, հեշտացնելու է այնտեղ տեղակայված ընկերությունների կյանքը, որովհետև «Ինժեներական քաղաքում» ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը և առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները, բնականաբար, ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում մեզ համար կարևոր է՝ հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը: Այս պահի դրությամբ ԲՏԱՆ-ը, հաշվի առնելով, որ ընկերությունները դեռ նոր են կառուցում իրենց շենքերը, որոշակիորեն փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ երբ քաղաքը սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ավարտելու ենք այս ծրագիրը, և այն ինքնաբավ պետք է լինի»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

«Մենք ընկերություններ ունենք, որ ամիսներ շարունակ այնտեղ աշխատում ենք: Ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ շինարարության ավարտական փուլում են, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ և սկսում են իրենց շենքերի կառուցումը»,- նշեց նախարարը:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին: «Սա և՛ գրասենյակային տարածքներ են, և՛, որ ամենակարևորն է, լաբորատոր տարատեսակ միջավայր է, և ենթադրում է ենթակառուցվածք, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերություններին, այլև ամբողջ տեխնոլոգական էկոհամակարգին է ծառայելու: Նախատեսված է, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները և հանձներ, սակայն օբյեկտիվ պատճառներով կապալառու ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքներն իրականացնելու ժամկետը, որին ԲՏԱՆ-ը հակված է ընդառաջելու. այսինքն՝ մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված և հանձնված լինեն մեզ»,- ասաց նա:

  • Կիսվել: