Միջին նորոգման է ենթարկվում Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածը
ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սեպտեմբերի սկզբներից ընթանում են Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի 74-ից 80 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևանից Դիլիջան տանող 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի միջին նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 287 միլիոն 400 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է փոսային նորոգում, որոշ տեղերում հարթեցնող շերտի տեղադրում և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում 55818 քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի առաջին օրերին։


