հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 6,6 մլրդ դրամ

Մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 6,6 մլրդ դրամ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի խոսքով՝ 2022 թվականին Երևան համայնքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում՝ սուբվենցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան, նախատեսվել է հատկացնել 20 մլրդ 441 մլն դրամի չափով, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն՝ 37,5 մլրդ դրամի չափով:

Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է հատկացնել  6,6 մլրդ դրամ: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար կօգտագործվի 500 մլն դրամ:

«Ի՞նչ ընթացքում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքը»,- հետաքրքրվել են պատգամավորները: Սերգեյ Ներսիսյանը պարզաբանել է՝ հայտարարվել էր երկփուլանի մրցույթ, որի առաջին՝ նախագծային փուլն ավարտված է, որի համար Կառավարությունը նախատեսել էր 1,5 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ: Փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ մրցույթի երկրորդ փուլը ևս հաջողությամբ կավարտվի:

Կրթության ծրագրերի մասով հատկացումը կազմում է 17,1 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 821 մլն դրամով:

Երևանում նախատեսվում է հիմնանորոգել 31 մանկապարտեզ:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետները, որոնք ներկայացրել են 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

  • Կիսվել: