Գիտության զարգացումը պետության գլխավոր առաջնահերթություններից է. նախարարը հանդիպում է ունեցել «Գիտուժ»-ի ներկայացուցիչների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է գիտության շուրջ շարունակական երկխոսությունը՝ դրանում ընդգրկելով ոլորտի տարբեր շահառուների: Նա շեշտել է, որ գիտության զարգացումը պետության գլխավոր առաջնահերթություններից է, և ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026֊2030 թթ. ռազմավարությամբ ամրագրված գործընթացների և ծրագրերի շարունակականության ապահովումը պետության հանձնառությունն է։
Անդրադարձ է եղել նաև «Գիտուժի» հետ համագործակցաբար իրականացվող «Գիտության շաբաթ» ծրագրի այս տարվա արդյունքներին: Կողմերը կարևորել են ծրագրի աշխարհագրության ընդլայնումն ու այն զարգացնելու հնարավորությունները՝ կարևորելով գիտությունը դպրոցականներին ավելի մոտ ու հասանելի դարձնելու հանգամանքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև գիտնականների հետազոտական կարողությունների զարգացմանը, գիտական համայնքի հետ աշխատելու մեխանիզմների մշակմանն ու ոլորտի զարգացման առնչվող մի շարք հարցեր:



