Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել յոթ կետից բաղկացած առաջարկ, որը նախատեսում է պատերազմի դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսում։ Նա նշել է, որ ըստ ծրագրի, նեղուցով նավարկությունը պետք է վերականգնվի վեցերորդ օրը, իսկ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ յոթերորդ օրը։ Այդ մասին Արաղչին գրել է Financial Times-ի համար հոդվածում, որը վերահրապարակել է իրանական Mehr գործակալությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ կամ Մերձավոր Արևելքի այլ հատվածներում հետագա սրացումը կարող է սպառնալ խաղաղ բնակիչների կյանքին, տարածաշրջանի անվտանգությանը և համաշխարհային տնտեսությանը։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիվանագիտական կարգավորման, սակայն չի վստահում Վաշինգտոնի մտադրություններին և միաժամանակ պահպանում է ինքնապաշտպանության պատրաստակամությունը։

Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Իրանի կայունության վերաբերյալ սխալ գնահատականների մեջ և հիշեցրել, որ ամերիկյան և իսրայելական հարվածները հասցվել են այն ժամանակաշրջաններում, երբ բանակցությունները շարունակվում էին։ Նախարարը շեշտել է, որ դա տեղի է ունեցել 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին, իսկ հետո՝ այս տարվա հունիսին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Թրամփի կողմից համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց։

«Իրանը բացարձակապես որևէ վստահություն չունի ԱՄՆ կառավարության՝ խաղաղության հասնելու հայտարարված ձգտման նկատմամբ»,- գրել է Արաղչին։ Նա հավելել է, որ համաձայնության հասնելու համար Սպիտակ տունը պետք է Իրանի դեմ ագրեսիայից վերջնականապես հրաժարվելու անկեղծ պատրաստակամություն ցուցաբերի։

Նախարարը հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունները թանկ են նստում ամերիկացի քաղաքացիների վրա։ Հղում անելով Moody’s վարկանիշային գործակալության գնահատականին՝ նա պնդում է, որ ընթացիկ տարում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը ամերիկացի սպառողների վրա արժեցել է մոտ 265 միլիարդ դոլար, կամ շուրջ 2 հազար դոլար՝ մեկ տնային տնտեսության հաշվով։

Նախարարն ընդգծել է, որ այդ գումարի գրեթե կեսը կապված է էներգակիրների գների աճի հետ։ Ընդ որում, գնահատականը չի ներառում համաշխարհային տնտեսությանը հասցված ավելի լայնածավալ վնասը։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի աշխարհագրական դիրքը նրան ապահովում է զգալի ազդեցությամբ Հորմուզի նեղուցով նավարկության վրա, որը, նրա կարծիքով, հնարավոր չէ լիարժեք փոխարինել այլընտրանքային երթուղիներով։ Նա հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է նաև հետագայում մասնակցել նեղուցի անվտանգության ապահովմանը և դրանով օրինական հիմքերով անցնող նավերի պաշտպանությանը։

Եզրափակելով՝ Իրանի արտգործնախարարը նախազգուշացրել է, որ դիվանագիտության փոխարեն ռազմական ուժի օգտին ԱՄՆ-ի նոր ընտրությունը էլ ավելի լուրջ ռազմավարական պարտության կհանգեցնի։

Նախարարը շեշտել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ բանակցություններին, եթե Վաշինգտոնի՝ արդար և արժանապատիվ համաձայնության հասնելու ձգտման իրական ապացույցներ տեսնի։