շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեր ծրագրի շրջանակներում այսօր ունենք 58 խելացի անասնաշենք. Արման Խոջոյան

Մեր ծրագրի շրջանակներում այսօր ունենք 58 խելացի անասնաշենք. Արման Խոջոյան

Կառավարությունն ընդունեց որոշում, որում ներառված են անասնաբուծության խթանմանն ուղղված երկու ծրագիր՝ խելացի անասնաշենքերի կառուցում և տոհմային տավարաբուծության զարգացում:

2019-2023 թվականներին փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության նախորդ ծրագրի իրականացման ընթացքում ծառացան մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված էին անասնաշենքերի կառուցման համար փաստացի ծախսերից ավելի քիչ ֆինանսական միջոցների սահմանմամբ, կառուցման կամ վերակառուցման համար համահավասար գնահատված ծախսերով, ինչպես  նաև ծրագրի շրջանակում կառուցված անասնաշենքերում նախատեսվածից ավելի քիչ գլխաքանակի առկայության դեպքում տնտեսվարողին ծրագրի շահառու չհամարելու հանգամանքներով։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց. «Նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ այս նախագծում իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ, մասնավորապես, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևապես՝ փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել: Եթե նախորդ ծրագրում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում. այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն»:

Նա տեղեկացրեց, որ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների համար սահմանվել է 70 տոկոսի ծախսերի փոխհատուցում: Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար՝ 45 տոկոս:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ իրականացվել է գլխաքանակի փոփոխություն, մոդելների տեսակների փոփոխություն. կառուցման և վերակառուցման համար նախկինում առաջարկվում էր 3 մոդել: «Այս առաջարկում ծրագրից 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների անասնաշենքի մոդելը հանվել է: Փոխարենը հիմա առաջարկում ենք ևս 3 մոդել՝ 20-25 գլուխ, 40-45 գլուխ և 95-100 գլուխ կենդանիների պահվածքի համար»,- ասաց Արման Խոջոյանը: 

Սահմանվել է, որ կառուցվող խելացի անասնաշենքերում պարտադիր պայման է տոհմային կենդանիների պահվածքը: «Ծրագիրն ունի և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ: Վարկային բաղադրիչով Կառավարությունը սուբսիդավորում է ներգրավված վարկի 10 տոկոսային կետը, սահմանվել է արտոնյալ ժամկետ 18 ամիս՝ նախկինում գործող 12 ամսի փոխարեն: Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկային տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ»,- նշեց Խոջոյանը:

Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, համաձայն որի՝ եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից և ունի խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանիների համար կարող է ստանալ փոխհատուցում. մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար՝ 30 տոկոս և 25, և ավելիի դեպքում՝ 40 տոկոս փոխհատուցում:

«Այս նախագծով շարունակվում է խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար վարկային տոկոսադրույքի սուբսիդավորումը. 11 տոկոսային կետով՝ եթե ՀՀ տոհմային տնտեսություններից է ձեռք բերվում, և 10 տոկոսային կետով, եթե ներմուծվող կենդանիներ են: Այստեղ էլ արտոնյալ ժամկետը սահմանված է 12 ամիս»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք:

«Նախկին մեր ծրագրի շրջանակներում այսօր ունենք կառուցված 58 խելացի անասնաշենք: Ընդհանուր խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ներմուծման շրջանակում ունենք 2400 տոհմային կենդանի: Այդ երկու ծրագրերի շրջանակներում անասնաշենքի կառուցման համար ծախսած կառավարության փոխհատուցած գումարը եղել է 925 մլն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման համար վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագում եղել է 587 մլն դրամ»,- նշեց փոխնախարարը:

  • Կիսվել: