Մենք անթերի չենք, բայց օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. «Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած»: Այս մասին այսօր՝ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների:
Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»:


